Այս հարցի շուրջ գոյություն ունեն մի շարք տարածված միֆեր, որոնք իբրև թե բացատրում են բռնության ենթարկվող կանանց չհեռանալու պատճառները: Նմանատիպ միֆերից է այն, որ այդ կանայք մազոխիստ են և հաճույք են ստանում բռնությունից: Սակայն իրականում պատճառները շատ ավելի բազմաբնույթ են, ինչը շատ կարևոր է ընդգծել: Օրինակ՝ բռնություն վերապրած անձը կարող է չհեռանալ, քանի որ վախենում է քննադատությունից կամ տեղյակ չէ սեփական իրավունքների և հնարավորությունների մասին: Առհասարակ կնոջ և բռնարարի կյանքի բոլոր կողմերը, այսպես թե այնպես փոխկապված են՝ ներառյալ էմոցիոնալ, ճնաչողական, հոգեբանական, մշակութային, ֆինանսական և հոգևոր գործոնները: Էմոցիոնալ գործոն կարող է հանդիսանալ կապվածությունը կամ սերը բռնարարի հանդեպ, ճանաչողական առումով՝ հավատը, որ բռնարարը օրերից մի օր կփոխվի: Անգամ եթե կինն այլևս չի հավատում և հեռանալու որոշում է ընդունել, կարող է մտավախություն ունենալ հետագայում մենակ մնալու վերբերյալ, կամ վախենալ հաշվեհարդարից:
Կինը կարող է նաև չունենալ տեղափոխության միջոց հեռանալու համար կամ իր և երեխաների հիմնական պահանջմունքների բավարարման համար կախվածության մեջ լինել բռնարարից (օր.՝ առողջապահական ծառայություններ): Տնտեսական կախվածությունը, անբավարար կրթությունը, գործազրկությունը նպաստող գործոններ են բռնարարից չհեռանալու համար:
Մեկ այլ կարևոր գործոն է երեխան: Կինը կարող է հավատացած լինել, որ երեխաներին անհարժեշտ է երկու ծնողով ընտանիք: Ցավոք, հաճախ հաշվի չի առնվում այն ազդեցությունը, որը կրում են երեխաները՝ ապրելով նման իրավիճակում: Այնուամենայնիվ, հեռանալու որոշում կայացնելու դեպքում կինը վտանգի է ենթարկում իր երեխաների նկատմամբ խնամակալության իրավունքը: Դատարանը կնոջ փախուստը կարող է դիտարկել որպես ընտանիքը լքելու փորձ:
Մշակութային և հոգևոր գործոնները ևս շատ կարևորվում են: Կանայք, ովքեր ապրում են հայրիշխանական հասարակությունում, որը առավել կարևորում է տղամարդուն, իսկ կնոջը վերագրում է երկրորդական դերեր, կարող են կարծել, որ բռնությունն ընդունելի է կամ վախենալ հասարակության մեղադրանքից:
Կինը կարող է ընտրել չհեռանալ բռնարարից, քանի որ վախենում է իր կյանքի ու անվտանգության համար, հատկապես, որ հաճախ է հանդիպում, երբ բռնարարը հեռանալու դեպքում ստիպողաբար ու սպառնալիքների ուղեկցությամբ է ջանում ետ բերել կնոջը:
Չափազանց կարևոր է նաև կնոջ ընկալումը սեփական իրավիճակի վերաբերյալ, որն էլ պայմանավորում է վերջինիս գործողությունները: Սովոր լինելով անօգնական կարգավիճակին՝ կինը ունակ չէ՛ փախուստի դիմել, այդ պատճառով էլ շարունակում է մնալ բռնության իրավիճակում:
«Ինչու՞ կինը չի հեռանում» հարցը պետք է փոխարինվի «Ի՞նչ գործոնների ազդեցության պատճառով է, որ կինը չի կարողանում հեռանալ» հարցով: Հակառակ դեպքում նման հարցադրումը զոհի վարքագծի վերաբերյալ իր մեջ մեղադրանք է պարունակում:
Ստորև ներկայացված են այն հիմնական գործոնները, որոնց պատճառով կինը չի կարողանում լքել բռնարար ամուսնուն:
Վախ (ամուսնու հետագա քայլերից) – «Ասաց՝ կսպանի ինձ», «Ինձ հետապնդելու է, ուր էլ՝ գնամ», «Իմ մասին վատ լուրեր է տարածելու», «Ասաց, եթե հայրական ընտանիք վերադառնամ, նրանց էլ է վնաս հասցնելու»:
Տնտեսական կախվածություն – «Նա է դրամ վաստակում/դրամը պահում», «Երբեք աշխատանք չեմ ունեցել, հմտություններ չունեմ, ինչպե՞ս եմ ինձ ու երեխաներիս պահելու», «Ավելի լավ է ծեծվեմ, քան երեխաներս փողոցում հայտնվեն»:
Բռնարարի նկատմամբ խղճմտանք – «Ուրիշ ոչ ոք կողքին չկա, չեմ կարող թողնել իրեն», «Եթե թողնեմ իրեն, կյանքը կխորտակվի», «Մտահոգ եմ, որ կսկսի խմել», «Սպառնում է, թե ինքնասպան կլինի, եթե իրեն թողնեմ» ·
Երեխաներ – «Երեխաներին հայր է պետք», «Տղաներին օրինակ է պետք», «Երեխաներն ինձ են մեղադրելու, եթե հեռանամ», «Եթե երեխաներին հետս տանեմ, նրանց առևանգելու է», «Երեխաներին ինձ երբեք չի թողնի, կապեր ու շատ փող ունի»:
Գնալու տեղ չկա/մեկուսացում – «Ինչպե՞ս կարող եմ դուրս գալ, նույնիսկ տնից թույլ չի տալիս դուրս գալ», «Թույլ չի տալիս, որ ընկերներ ունենամ, ո՞ւմ կանչեմ օգնության», «Մայրական ընտանիքս ասաց, որ իրենց հետ ապրել չեմ կարող», «Մերոնք էլ են նրանից վախենում», «Մեր շրջակայքում որևէ աջակցություն, ծառայություն չկա», «Ոստիկանությունից ասացին, որ իմ ընտանեկան խնդիրներն ինքս լուծեմ»:
Ժառանգական կենսագրություն – «Հայրս մորս ծեծում էր, ու նրանք չբաժանվեցին», «Ինձ ոչ ոք տիրություն չէր անում, մինչև ինքը հայտնվեց, նույնիսկ եթե ծեծում է, դա ավելի լավ է, քան միայնակ լինելը»:
Ամոթ – «Եթե գնամ, մարդիկ կասեն, թե վատ ամուսին եմ/ վատ հայ կին եմ/անբարոյական եմ/ընտանիքս քանդեցի/ դրժեցի ամուսնական երդումս», «Մարդիկ կբանբասեն»:
Սեր և հույս – «Նրան սիրում եմ», «Խոստացել է, որ կփոխվի», «Լավ բաներ էլ կան, չեմ ուզում դրանցից հրաժարվել»:
Հաշվի առնելով այս գործոնները` պետք է հիշել, որ կարևորը Ձեր անվտանգությունը, արժանապատվությունն ու ֆիզիկական ամբողջականությունն են, որի համար արժե պայքարել: