Ընտանեկան բռնության մասին

Բռնություն

«Բռնություն» հասկացությունը ներառում է յուրաքանչյուր արարք, որի հիմնական նպատակն այլ անձի կամ անձանց վարքի վերահսկումն ու կառավարումն է, որը իրականացվում է սեփական կամքը նրան (նրանց) թելադրելով՝ առանց հաշվի առնելու նրա (նրանց) հետաքրքրությունները, շահերը, ցանկությունները, զգացմունքները և այլն:

Ընտանեկան բռնություն

«Ընտանեկան բռնությունը» ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բռնության գործողություններն են, որոնք կատարվում են ընտանիքի կամ ընտանեկան միավորի ներսում կամ նախկին կամ ներկա ամուսինների կամ զուգընկերների միջև, անկախ նրանից, թե կատարողը բնակվում կամ բնակվել է տուժողի հետ նույն բնակարանում, թե՝ ոչ։

Այսպիսով՝ ընտանեկան բռնությունն անձի կողﬕց մյուսի հանդեպ կիրառվող հարկադիր և վերահսկող վարքի կրկնվող մոդել է՝ ուղղված ուժի և իշխանության հաստատմանը:

Առավել հաճախ ընտանեկան բռնության հիմնական թիրախ են դառնում հենց կանայք: Կանանց ստորադաս կարգավիճակը, անհավասարությունը և գենդերային խտրականությունը հասարակությունում կանանց նկատմամբ բռնության հիմքում ընկած հիմնական պատճառներն են: Ուստի, կանանց նկատմամբ ընտանեկան բռնությունը համարվում է նաև գենդերային հիմքով բռնության տեսակ: Այսինքն՝ այդ դեպքում կանայք բռնության են ենթարկվում` ի արդյունք տղամարդկանց համեմատ իրենց գենդերային անհավասար կարգավիճակի:

Ընտանեկան բռնության տեսակները

Առավել տարածված է համարվում բռնության տեսակների հետևյալ դասակարգումը՝

  • Ֆիզիկական բռնություն է համարվում ֆիզիկական անհարմարություն պատճառելը և ֆիզիկական վնասվածքներ հասցնելը: Այն ներառում է այնպիսի պահվածք, ինչպիսին են հրմշտոցը, թափահարությունը, հարվածելը, հրելը, ապտակելը, խեղդելը, մազերից քաշելը և այլ գործողություններ, որոնք հանգեցնում են տրավմաների և ֆիզիկական ցավի:
  • Հոգեբանական բռնությունը  վարքի այն մոդելն է, որը հանգեցնում է մեկ այլ անձի բացասական էմոցիոնալ հակազդեցության և հոգեբանական ցավի: Հոգեբանական բռնությունը դրսևորվում է այլ անձի մտածելակերպի և վարքագծի պարբերական վերահսկողությամն, ինչպես նաև սպառնալիքի, կոպտության, ծաղրի, վիրավորանքի, մեկուսացնելու, պաթոլոգիական խանդի և համանման գործողությունների տեսքով:
  • Սեռական բռնությունն անձի կամքին հակառակ սեռական հարաբերությունների և սեռական բնույթի գործողություններ կատարելու հարկադրումն է (ընդհուպ մինչև բռնաբարություն): Այն կարող է դրսևորվել ինչպես կամքին հակառակ իրականացվող սեռական բնույթի հպումների ու շոյանքների, այնպես էլ սեռական ակտի տեսքով:
  • Տնտեսական բռնությունն ընտանիքում նյութական միջոցների կառավարումն է ընտանիքի գերիշխող անդամ(ներ)ի կողմից և այդ միջոցների նկատմամբ խիստ վերահսկողությունը: Դրսևորումները ներառում են զբաղմունքի, աշխատանքի ընտրության կառավարում, աշխատավարձի տնօրինում, տնային տնտեսության վարման մեջ ձայնից զրկում, ընտանեկան ֆինանսների տնօրինման գաղտնիություն, գումարից զրկում և այլն

Ընտանեկան բռնության բոլոր տեսակներն ու ձևերը խիստ փոխկապակցված են

Բազմաթիվ են դեպքերը, երբ ընտանեկան բռնությունն ավարտվում է կնասպանությամբ:

Ի՞նչ անել, եթե ենթարկվում եք ընտանեկան բռնության

Ի՞նչ անել

  • Հիշե´ք, որ ամենակարևորը Ձեր կյանքն ու ապահովությունն են:
  • Բարձրաձայնե´ք տեղի ունեցող բռնության մասին:
  • Զանգահարե´ք ոստիկանություն, կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպություններ, Ձեր բարեկամներին, ընկերներին կամ հարևաններին:
  • Անհապաղ լքե´ք բռնության վայրը:
  • Առանձնացրե´ք նվազագույնը երկու վայր, ուր կարող եք գնալ տունը լքելուց հետո:
  • Ընտրե´ք մի մարդ, ում նախապես կփոխանցեք հագուստ, փաստաթղթերի պատճեններն ու դրամ, որոնք կօգնեն Ձեզ տունը լքելուց հետո:
  • Ունեցե´ք Ձեզ համար անհրաժեշտ իրերով պայուսակ` ապահով թաքցված տանը, որը կկարողանաք Ձեզ հետ վերցնել փախուստի ժամանակ:
  • Հավաքե´ք փաստեր, որ Դուք ենթարկվում եք բռնության, լուսանկարեք Ձեր վնասվածքներն ու կապտուկները:
  • Մտապահե՛ք «Թեժ գիծ»  ծառայության հեռախոսահամարները։

Ու՞մ դիմել

  • Դիմե՛ք ոստիկանություն:
  • Հետևե՛ք և պահանջե՛ք, որ Ձեր դիմումը գրանցվի և դրան ընթացք տրվի:
  • Պնդե՛ք, որ անպայման նշանակվի դատակաբժշկական փորձաքննություն: Եթե իրավապահ մարմինները հրաժարվում են այդ անել, դիմե՛ք Ձեր տեղամասային բժշկին: Մինչև բժշկական փորձաքննությունը ոչինչ մի՛ մաքրեք, մի′ փոխեք Ձեր հագուստը. Ձեր հագուստի և մարմնի վրա կարող են հայտնաբերվել բռնության հետքեր, որոնք էլ կծառայեն որպես անհրաժեշտ ապացույցներ:
  • Դիմե՛ք դատախազություն, եթե Ձեր բողոքին ընթացք չի տրվում ոստիկանության բաժանմունքում:
  • Դիմե՛ք դատարան քաղաքացիական հայցով, որպեսզի փոխհատուցվեն Ձեր կրած բոլոր վնասները:
  • Դիմե՛ք կանանց իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպություններին:
  • Դիմե՛ք «Թեժ գիծ» վստահության հեռախոսակապի հատուկ ծառայությանը, որտեղ Ձեզ կլսեն և ցանկության դեպքում կտրամադրեն իրավաբանական և հոգեբանական անվճար խորհրդատվություն, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում Ձեզ և Ձեր երեխաներին կտրամադրվի ժամանակավոր ապաստարան։
  • Դիմե՛ք Ձեր հարազատներին, մտերիմներին: Պատմե՛ք եղելությունը, կիսե՛ք Ձեր մտահոգություններն ու օգնություն խնդրեք:

Աջակցություն ստանալու համար կարող եք զանգահարել

Թեժ գծեր

Ընտանեկան բռնության դեպքում

(099) 887 808, (010) 54 28 28

Ոստիկանություն

1-02

Սեռական բռնության դեպքում

080001280

(077) 991280

back to top