Դեպք Ֆիզիկական, Հոգեբանական

Շիրակի մարզի Հայրենյաց գյուղում 16 տարեկան հասակում ամուսնացած 32-ամյա Սիրանույշն ասում է՝ ամուսնական երջանկություն չի տեսել. «Ընձի ազատ չէի կըրնա զգայի, անընդհատ ընձի կճնշեին: Առաջին էրեխեն օր ծնվավ, հլը քառասունքի մեջ էր՝ առաջին ծեծս կերա. լվացքի պարզաջուրը լցրեցի ծառների տակ, սկեսուրս ըսավ սապնաջուր է, ըդոր համար ծեծել տըվավ ընձի: Ամուսինս հարվածեց գլխիս, տղամարդու զարգ էր, ընպես ուժեղ զարգավ` լաց էղա, ես էլ կերակրող մայր էի, շատ վատ գզացի: Բայց  խասյաթ չունեի երկար խռով մնալու, հանդուրժեյի գը»:

Սիրանույշն ասում է՝ 2001 թվականից ամուսնացած է, այս ընթացքում ծեծն անպակաս է եղել, բայց, իր խոսքերով ասած, առաջին անգամ հանդգնել է դիմել ոստիկանություն  2009-ին. «Ամուսինս էլի ընպես զարգեց գլխիս՝ ուռավ, մեռնում էի ցավից, զանգեց ախպորս, թե եկեք ձեր դիակը տարեք: Ոստիկանությունում էլ ասացին՝ քու մարդն ա էլի, դիմում չվերցրին, գյուղապետին կանչին, տարան միացրին էլի: Մի անգամ 2011-ին էլ «պեչկի» երկաթի շշով էնպես էր ընձի ծեծել, էնպես էր ծեծել, կապտած էի»:

Սիրանույշն ասում է՝ երբ մետաղյա ձողով ծեծից հետո ապաքինվել էր, տանն էլի խոսք ու զրույց, էլի կռիվ, ամուսինը որոշել էր ամուսնալուծվել, թեև պաշտոնապես որպես ամուսիններ գրանցված չէին: Բայց էլի գյուղապետարանը գործին խառնվեց, էլի հաշտվեցին, ու էլի նույն կյանքը շարունակվեց:

2016թ. ծեծի առնչությամբ Սիրանույշը դիմում էր գրել իրավապահ մարմիններին: Սակայն հետո դատաբժշկական փորաձաքննությունը եզրակացություն է տվել, ըստ որի, Սիրանույշի մարմնի վրա բռնության հետքեր չկան. «Ըսեցի՝ «սպեցիալնի» գլխիս ա զարգել, որ հետք չմնա: Գնացի հիվանդանոց, որ գլուխս նկարեին, ըսին՝ 10 հազար դրամ պիտի մուծես, անվճար չի հասնում, տենց էլ չնկարին: Վերջում գրին՝ պաթոլոգիական խնդիրներ չկան»: Բայց Սիրանույշը պնդում է, որ ամուսնության տարիներին բազմաթիվ բռնությունների ընթացքում առողջական խնդիրներ է ձեռք բերել:

Հիմա այս կինը ապրում է երեխաներից հեռու. ամուսինը թույլ չի տալիս տեսակցել: Մայրը որքան էլ փորձում է հանդիպել երեխաներին՝ ապարդյուն, երեխաներն էլ, մեկը՝ 14, մյուսը՝ 13 տարեկան, չեն ցանկանում մորը տեսնել:

Վոլոդյա Մնացականյանը հայցով դիմել է դատարան՝ երեխաների խնամակալությունն իրեն հանձնելու և նրանց բնակության վայրը որոշելու  պահանջով: Հակընդդեմ հայցով Սիրանույշն էլ է դիմել դատարան՝ նույն պահանջով:

Հիմա Սիրանույշը փորձում է կյանքը կարգավորել, աշխատում է, վարձով է բնակվում, ասում է՝ հասցնում է նաև գումար տնտեսել, որպեսզի երեխաների ապրելու համար հարմար պայմաններ ստեղծի. հույսը չի կտրում, որ երեխաները մի օր կհասկանան՝ իրականում ինչ է կատարվել:

Հղում՝

http://swv.am/index.php/hy/our-pillars-am/rapid-response-unit-am/1220-2017-08-17-10-03-57

Աջակցություն ստանալու համար մեզ հետ կարող եք կապ հաստատել

Թեժ գծեր

Ընտանեկան բռնության դեպքում

(099) 887 808, (010) 54 28 28

(077) 991280, 08000 80850

Ոստիկանություն

1-02

Սեռական բռնության դեպքում

080001280

(077) 991280

Թրաֆիքինգի դեպքում`

080080801

back to top